ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Ազգային բարեկենդան

Ազգային բարեկենդան
09.02.2018 | 04:43

Այո, հենց ազգային բարեկենդան, քանի որ գալիք կիրակի օրը Հայ առաքելական եկեղեցին մեծ շուքով, ազգային հագուստներով Հանրապետության հրապարակում տոնական տրամադրությամբ է դիմավորելու Մեծ պահքից առաջ վերջին կիրակին, որ Բարեկենդան անունն է ստացել, որովհետև Մեծ պահքի ամբողջ նպատակը հոգու զորացումն է, մաքրագործությունն ու փրկությունը, որով և բարի կենդանության, այսինքն, հավիտենական կյանքի է փոխադրվում։


Այս տարի Մեծ պահքը սկսվելու է փետրվարի 12-ին։ Նման աննախադեպ Մեծ պահքի սկիզբ մեկ էլ 2016 թվականին է եղել (փետրվարի 7-ին), տևելու է հիսուն օր, ներառելով իր մեջ սուրբ խորանի փակ վարագույրներով յոթ կիրակիներ։ Իսկ ինչու փակ, որովհետև հարության օրը` Զատիկը, դեռ չի եղել։ Սողոմոնի տաճարի սրբություն սրբոցի մուտքը փակ էր ծանր վարագույրով, որը վերևից ներքև պատռվեց այն ժամանակ, երբ Հիսուսը, աղաղակելով` ԿԱՏԱՐՎԵՑ, հոգին ավանդեց Հոր ձեռքը։ ՈՒշադրություն դարձրի՞ք, որ գրվեց՝ վերևից ներքև վարագույրը պատռվեց, ինչն անհնար էր, քանի որ այդ վարագույրը գետնից բարձր էր տասը մետրի չափ, ինչը նշան էր, որ երկնային զորությամբ բացվեց սրբություն սրբոցի մուտքը, որը դարերով փակ էր մահկանացու մարդու համար, ու այնտեղ միայն տարվա քահանայապետը կարող էր մտնել, այն էլ` զոհաբերվող գառան արյունով քավություն ստանալուց հետո։ Բայց այս անգամ այդ զոհաբերվող անարատ Գառը դարձավ անձամբ Աստծո Որդին՝ Հիսուս Քրիստոսը, որ պատարագվեց անարգ խաչի վրա` այն վերածելով զոհասեղանի։
Դեռ հին քրիստոնեական ժամանակներից սկսած Բարեկենդանը ամենաուրախ տոներից է եղել, որն ուղեկցվել է կերուխումով, երգ ու պարով։
Մեծ պահքի սկիզբը դրվում է բարեկենդանի կիրակիով, երբ քրիստոնյաները ճոխ կերակուրներ են վայելում, քանի որ հաջորդ յոթ շաբաթները խիստ պահքի օրեր են առանց կենդանական ծագում ունեցող կերակուրների։


Մարդ արարածը մեծ մասամբ իր կյանքը վատնում է մարմնավոր կարիքները հոգալու վրա, ուտելու, խմելու, հագնվելու և դրանց հետ կապված հաճույքների, որոնք հիմնականում ուղեկցվում են անչափավորությամբ, երբեմն էլ կործանարար մոլություններով՝ գինեմոլություն, որկրամոլություն, կնամոլություն և այլն։ Այդ պատճառով էլ կերակուրներին չափազանցորեն տրված մարդուն ասում են որկրամոլ, երբ որովայնի պարունակության ապահովումը դառնում է նպատակ, ոչ թե լոկ միջոց ապրելու համար։ Այդ առիթով Պողոս առաքյալն ասում է. «Ոչ թե ըստ մարմնի ենք ընթանում, այլ ըստ հոգու. արդարև նրանք, որ ըստ մարմնի են, մարմնինն են խորհում, իսկ նրանք, որ ըստ հոգու են, հոգունը. քանի որ մարմնավոր խորհուրդը մահ է, իսկ հոգևոր խորհուրդը կյանք և խաղաղություն. քանզի մարմնավոր խորհուրդը թշնամություն է առ Աստված, որովհետև չի հնազանդվում Աստծո օրենքին. և նա ոչ իսկ կարող է: Նրանք, որ մարմնի իշխանության տակ են, չեն կարող հաճելի լինել Աստծուն» (Հռոմ. 8.5-5)։
ՈՒրեմն, մարմնավոր խորհուրդներին տրվելով, մենք չենք կարող հաճելի լինել մեր Աստծուն, ավելին, դրանց տրվելով մինչև դժոխք կարող ենք իջնել, այդ պատճառով էլ անչափավոր ցանկություններին ամեն գնով հակառակվել է պետք, ինչն էլ հենց եկեղեցական պահքի բուն նպատակն է։ Ընդհանրապես եկեղեցական պահքի վերջնանպատակը ոչ թե մարմինը սիրած կերակուրներից զրկելն է, այլ մեր հոգու զորացումը։ Քրիստոնեական կյանքի հաղթական ավարտի և հոգու հավիտենական փրկության հասնելու ամենակարևոր ժամանակաշրջանը քառասունօրյա զատկական պահքի օրերն են։


Բայց կան շատերը, որոնք պահեցողություն են անում լոկ առողջական նպատակով` հոգևորի անվան տակ։ Սա ինքնախաբեություն է, քանզի Աստծուն ամենից առաջ կեղծավորությունն է անընդունելի, ինչպես փարիսեցիների վերաբերյալ ասաց Հիսուս Քրիստոսը, երբ իր աշակերտներին հորդորեց հեռու մնալ փարիսեցիական թթխմորից, որ է կեղծավորությունը, ապա ավելացրեց. «Երբ ծոմ պահեք, տրտմերես մի՛ լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսները այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում. ճշմարիտ եմ ասում ձեզ, ա՛յդ իսկ է նրանց վարձը: Այլ երբ դու ծոմ պահես, օծի՛ր քո գլուխը և լվա՛ քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց որպես ծոմ պահող, այլ քո Հորը՝ գաղտնաբար. և քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ հայտնապես» (Մատթեոս 6.18):
Պահքի խորհուրդը սկսվել է դեռևս դրախտից, երբ Աստված ասաց. «Բարու և չարի գիտության ծառից մի կերեք» (Ծննդոց Բ. 17): Խախտելով այդ միակ պատվիրանը` Ադամն ու Եվան վտարվեցին դրախտից: Բայց քանի դեռ Արարչի կողմից, Հիսուս Քրիստոսի միջոցով, մարդկային սերունդը երկնային դրախտ վերադառնալու խոստումն ունի, անհրաժեշտ է պահեցողություն, բայց այս անգամ զղջումով և ապաշխարությամբ ու մեղքի դեմ պատերազմելով: Մեզ համար պահեցողության օրինակ են աստվածաշնչյան բոլոր ընտիր ծառաները` սկսած Մովսեսից, Դավիթ թագավորից և մնացած մարգարեներից: Նաև պահքի ու զղջման շնորհիվ իսպառ բնաջնջումից փրկվեցին Նինվե քաղաքի բնակիչները, իսկ հետո հրեա ժողովուրդը՝ Արտաշես թագավորի օրոք: Եվ վերջապես, բոլորիս համար պահեցողության ամենաընտիր օրինակը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է, Ով իր Ավետարանի քարոզչությունն սկսելուց առաջ, քառասուն օր անապատում ոչինչ չճաշակելով, հաղթող դուրս եկավ սատանայի փորձությունից: Այդ է պատճառը, որ Հայ առաքելական եկեղեցին ամենակարևորը զատկական պահքն է համարում, որպեսզի ամեն մի քրիստոնյա պահքով ու ապաշխարությամբ քննի իր անձը և ուղղի իր հավատքի ընթացքը հոգու փրկության շավիղներով, քանզի առջևում հարության հույսն է։


Վերջում մի խորհուրդ ընթերցողին. եթե ինչ-ինչ պատճառով գժտվել ես հարազատներիդ կամ դրացիներիդ հետ, պահեցողության օրերին աղոթք արա նրա, ինչպես և քեզ համար, որպեսզի կարողանաս գնալ ու հաշտվել հանուն Հիսուս Քրիստոսի, Ով ասել է. «Եթե դուք մարդկանց ներեք իրենց հանցանքները, ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ կների: Իսկ եթե դուք մարդկանց չներեք իրենց հանցանքները, ձեր Հայրն էլ ձե՛զ չի ների ձեր հանցանքները» (Մատթեոս 6. 14-15)։ ՈՒ այդ անելով` դու ամենամեծ հաղթանակը կտոնես նախ քո մեղավոր անձի դեմ, ապա` սատանայի, որ ձեզ գժտեցրել է` զրկելով Աստծո օրհնանքից։


Տերը թող բոլորիս զորավիգ լինի այս առաջիկա պահեցողության յոթ շաբաթներին, կարողանանք Իր զորությամբ միմյանց ներելով հաղթահարել մեր մեղքերն ու մոլությունները, որպեսզի Զատկական հարության օրը արժանի լինենք ուրախությամբ բացականչելու.
ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ,
ու լսենք ի պատասխան.
ՕՐՀՆՅԱԼ է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ։
Ամեն։


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 21267

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ